«Այս ամիս Դուբայում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը», - գրում է Լոնդոնում գործող, Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները լուսաբանող Middle East Eye կայքը։
Լրատվամիջոցի Անկարայի թղթակից Ռագիպ Սոյլուի տեղեկություններով՝ դիվանագիտական երկու աղբյուրներ նշել են, որ «ծրագրվող հանդիպումը դրական նշան է և վկայում է, որ չնայած առկա տարակարծություններին, կողմերը պատրաստ են շարունակել շփումները»։
Middle East Eye-ի մեկ այլ աղբյուր վկայել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում է հյուրընկալել այս հանդիպումը՝ «երկու կովկասյան պետությունների հարաբերությունների բարելավմանը նպաստելուն ուղղված ջանքերի շրջանակներում»։
Կայքը նաև հիշեցնում է, որ հունիսի 25-ին ԱՄԷ արտգործնախարար շեյխ Աբդուլա Բին-Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հետ։
Վարչապետ Փաշինյանի գրասենյակից «Ազատությանը» ասել են՝ վարչապետի հանդիպումների մասին ժամանակին և պատշաճ կարգով տեղեկացնում են, իսկ պաշտոնական Բաքուն հավանական հանդիպման մասին դեռևս չի հայտնել:
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին մայիսին Ալբանիայի մայրաքաղաքում: Հանդիպումից հետո պաշտոնական Երևանը հաղորդեց միայն, որ «երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը»։ Կողմերը քննարկել էին ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։