ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 4-ին նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Ուկրաինային Patriot հրթիռների կարիք կունենա պաշտպանության համար, նաև հիասթափություն հայտնել նախագահ Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու դժկամության կապակցությամբ։
«Մենք լավ զրույց ունեցանք [Զելենսկիի հետ - խմբ.], շատ բաներից խոսեցինք։ Շատ լավ զրույց էր, ռազմավարական։ Ես ասել էի, որ շատ դժգոհ եմ նախագահ Պուտինի հետ զրույցից։ Թվում է, թե նա ուզում է մինչև վերջ գնալ, պարզապես շարունակել սպանել մարդկանց, սա լավ տեղ չի տանում», - լրագրողներին ասել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Պուտինի հետ զրույցի ընթացքում «շատ են խոսել պատժամիջոցների մասին». - «Կարծում եմ՝ նա անհանգստանում է պատժամիջոցների համար»։
Դոնալդ Թրամփը պատմել է, որ Զելենսկու հետ զրույցում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների հարցն են քննարկել։
«Դրանք նրանց պետք են պաշտպանության համար։ Ինձ դուր չի գալիս տեսնել, թե ինչպես են մարդկանց սպանում։ Նրանց ինչ-որ բաներ են պետք, քանի որ նրանց բավականին ուժեղ հարվածներ են հասցնում», - ասել է ԱՄՆ նախագահը։
Հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կհամաձայնի՞ Ուկրաինային մատակարարել ավելի շատ Patriot հրթիռներ, ինչպես խնդրել էր Զելենսկին, Թրամփը պատասխանել է. - «Դա հնարավոր է, մենք դա ուսումնասիրում ենք»: