Մատչելիության հղումներ

ՀՌՀ-ը բարձրացնում է ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը դադարեցնելու հարցը


Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքներին մեղադրում է «Հայաստանի պետական ինստիտուտներին և քաղաքացիներին հասցեագրված վիրավորական արտահայտություններ, խեղաթյուրված գնահատականներ, փաստերի փոխարեն հուզական ու ագրեսիվ բնորոշումներ տարածելու» համար և բարձրացնում դրանց վերահեռարձակումը դադարեցնելու հարցը:

Այսօր տարածած հայտարարության մեջ նշված է.
«Հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար, Հայաստանի տեղեկատվական տարածքը պետք է զերծ լինի ցանկացած օտարերկրյա ուժի մանիպուլյատիվ, քարոզչական և սադրիչ ներգործությունից, ներքին քաղաքական իրավիճակին միջամտելու փորձերից։ Մեր առաջնային պարտականությունն է պաշտպանել հանրային շահը, ազգային արժանապատվությունը և ՀՀ քաղաքացիների՝ հավասարակշռված ու արժանահավատ աղբյուրներից տեղեկատվություն ստանալու իրավունքը»։

Կարգավորող այս անկախ մարմինը հղումներ է արել 2020-ի դեկտեմբերին Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրին ու նշել, որ Ռուսաստանի պետական հեռուստաընկերությունները պարբերաբար խախտել են միջկառավարական այս համաձայնագրի առնվազն երեք դրույթները:

Օրինակ՝ ռուսաստանյան հեռուստաալիքները «պարտավորվել են պահպանել Հայաստանի օրենսդրությունը, բացառել հայ ժողովրդի և ազգային արժեքների նկատմամբ վիրավորական բովանդակությամբ հաղորդումները, ինչպես նաև միջամտությունը Հայաստանի ներքաղաքական կյանքին»։ Մեկ այլ կետով ռուսական կողմը պարտավորվել է Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տրամադրել «ունիվերսալ հեռարձակման լիցենզիա», որն իրավունք կտար հեռարձակում իրականացնել Ռուսաստանի ամբողջ տարածքում, բայց այդպես էլ Հայաստանի հանրային հեռուստատեսությունն արդեն 4,5 տարի այդ հնարավորությունը չունի, նշված է հանձնաժողովի այսօրվա հայտարարության մեջ։

Մինչ հանձնաժողովը պատրաստվում էր հրապարակել այս բավականին կոշտ հայտարարությունը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարը, որ այսօր Վանաձորում էր, ռուսական հեռուստաալիքները փակելու մասին որևէ դիրքորոշում չասաց: Տարածված հայտարարությունից րոպեներ առաջ Մխիթար Հայրապետյանը այդպես էլ չպատասխանեց «Ազատությանը»՝ արդյոք կառավարությունը քննարկու՞մ է այդ հարցը, չնայած հենց նրա ղեկավարած գերատեսչությունն է պատասխանատու դրա համար:

«Առաջիկայում կառավարությունը դիրքորոշում կհայտնի այդ հարցի կապակցությամբ», - նշել է Հայրապետյանը:

Ընդամենը երեք օր առաջ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույցում ռուս հաղորդավարներին «դեգեներատ» էր անվանել, ասել, թե «նրանց ելույթներն «իրոք վնասում են հայ-ռուսական հարաբերություններին», ու որ շատ լրջորեն պետք է արդեն քննարկել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում դադարեցնելու հարցը:

Ռուսական ալիքների մասին հայտարարությունից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում պատասխանել էր իր խոսքերի վերաբերյալ ռուսական արձագանքներին: Դարձյալ շեշտել էր, թե ռուսական ալիքները «վատթարացնում են հայ-ռուսական հարաբերությունները»:

«Բամբասանքներով վիրավորում են Հայաստանի ընտրված իշխանությանը, կասկածի տակ են դնում Հայաստանի ինքնիշխանությունը և գոյությունը, ցույցերի կոչեր են անում ՝ նշելով ամսաթիվ, ժամ, վայր, դատապարտում են հայ իրավապահներին և միջամտում Հայաստանի ներքին գործերին», - գրել էր Ալեն Սիմոնյանն ու հարց հնչեցրել՝ «ի՞նչ կասեիք, եթե հայկական հեռուստաալիքներում հաղորդավարները վիրավորեին ՌԴ նախագահին և ղեկավարությանը»:

Սիմոնյանի ուղերձը ավարտվում էր կտրուկ ուլտիմատումով՝ «Սա պետք է դադարի։ Կա՛մ դուք կդադարեցնեք, կա՛մ մենք կանենք դա»։

Արդյոք կառավարությունը քննարկումներ սկսե՞լ է ու ի՞նչ ձևաչափով, պարզ չէ: Ոլորտը համակարգող նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր այդպես էլ որևէ բառ չասաց, բացի այն, որ ավելի ուշ դիրքորոշում կհայտնեն: Դիտարկումը, թե խորհրդարանի ղեկավարն արդեն հայտնել է դիրքորոշում, արդյո՞ք նախարարը դրան համաձայն է, դարձյալ պատասխան չեղավ. պատասխան ստանալու «Ազատության» հետևողական հարցադրումները նախարարին դուր չեկան:

Օրվա ավարտին արդեն հայտնի դարձավ, որ այս հարոց Երևանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է հայտագիր: Այս մասին հայտնում է «Ռադար Արմենիան»:

Հայկական կողմը առաջին անգամը չէ, որ բողոքում է ռուսական ալիքների բովանդակությունից, նախորդ տարիներին ևս դրանց հեռարձակումը դադարեցնելու քննարկումներ են եղել, անգամ որոշ ժամանակով որոշ հաղորդումներ արգելափակվել են, բայց դրանից այն կողմ ավելի կտրուկ քայլեր չեն եղել:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG