«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես Հայաստանի ժողովրդի առաջնային մանդատով օժտված լեգիտիմ ներկայացուցչական մարմին, կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և քաղաքացիներին՝ դատապարտել ահաբեկչությունը և բռնության միջոցով պետական իշխանության զավթման փորձերը». - խորհրդարանի իշխող խմբակցությունը քիչ առաջ արտահերթ նիստով ընդունեց բռնի ճանապարհով իշխանությանը տիրանալու փորձերը դատապարտող հայտարարություն:
Նախագիծը ներկայացնում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը.
«[Ազգային ժողովը] խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեց Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից 2025 թվականի հունիսին»:
«Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը հեղինակել են ՔՊ-ականները: Հիմքում անցած շաբաթ բացահայտված հեղաշրջման պլանն էր:
Ինն օր առաջ իշխող կուսակցության լրատվամիջոցում հրապարակվեց «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով նյութը, որին հաջորդեց Քննչականի հայտարարությունը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժումը պլանավորում էր Հայաստանում իրականացնել ահաբեկչական ու իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ: Ազգային անվտանգության ծառայողները խուզարկեցին սրբազանի կեցավայրը, հետո նա կալանավորվեց: Նրա համախոհներից էլ կալանավորվեցին ու նաև դաշնակցականներ:
Չնայած դեռ նախաքննություն է ու գործը դատարան չի հասել, մեղադրյալների մեղքը ի ապացուցվել, իշխող ուժը դատապարտում է ու պահանջում, որ բոլորը միանան իրենց:
«Բոլոր այն քաղաքական ուժերն ու կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունում ծավալում են քաղաքական գործունեություն, պետք է աներկբայորեն դատապարտեն այս ահաբեկչության փորձը և երկրում ռազմական հեղաշրջման կամ այլ որևէ բռնի եղանակով սահմանադրական կարգի տապալման բոլոր փորձերը», - ասված է հայտարարությունում:
Ահաբեկչության փորձը, որի շուրջ կառուցվել է իշխող թիմի հայտարարությունը, ընդդիմադիր ուժերը որակում են շինծու: Մեղադրյալների պաշտպանները պնդում են՝ գործերը կարված են, ու նրանց կալանավորելու որոշումները ապօրինի են:
Խորհրդարանական քննարկմանը ընդդիմադիր ուժերը չէին մասնակցում: Նախագիծը կեղծ բովանդակությամբ է, ու այս քննարկմամբ իշխող ուժը ուղղորդում է իրավապահներին, մինչև նիստը հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Այն նախագիծը, որը դրված է շրջանառության մեջ, ոչ միայն անընդունելի է իր բովանդակային և կեղծ տեղեկությունների առումով, այլ նաև ուղիղ միջամտություն է գնահատում նախաքննական մարմիններին: Ահաբեկչությունը մենք ինքներս դատապարտում ենք, այդ թվում նաև՝ պետական մակարդակով կազմակերպված ահաբեկչությունը, և դատապարտում ենք բռնության ցանկացած գործադրումը: Բայց այն, ինչ ներկայացվում է որպես քննարկում, սա ուղղորդում է և ուղիղ միջամտություն իրավապահ մարմինների աշխատանքներին: Հետևաբար՝ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու այս ապօրինի վարքագծի քննարկմանը», - հայտարարեց դաշնակցական պատգամավորը:
Չնայած Մինասյանի բացատրությանը՝ ընդդիմադիրների բոյկոտը ՔՊ խմբակցության ղեկավարը ներկայացրեց որպես աջակցություն ահաբեկչությանը:
«Նիստերի դահլիճը լքելը, քննարկումներից խուսափելը ևս մեկ անգամ ապացուցում է, որ խորհրդարանական ընդդիմությունը և նրանց ղեկավարներն ու իրենց հետ փոխկապակցված շրջանակները աջակցում են Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության և տեռորի միջոցով սահմանադրական կարգի տապալմանը, ինչը որ մենք ոչ մի կերպ թույլ չենք տալու», - հայտարարեց Հայկ Կոնջորյանը:
Իշխանականներից բացի նիստին ներկա էր «Հայաստան» խմբակցության նախկին անդամ Գեղամ Նազարյանը, որը չմասնակցեց քվեարկությանը: Ասաց՝ աջակցող հայտարարություններ Հայաստանի նախկին ղեկավարներից չի տեսել:
«Երբ որ գրում ենք՝ խիստ մտահոգիչ և դատապարտելի են Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարների, նկատի ունեք՝ նախագահների, ու նրանց թիմակիցների՝ ահաբեկչությունը արդարացնող կամ աջակցող հայտարարությունները, խնդիրն այն է, որ ես, օրինակ, չգիտեմ, դուք տեսել եք, թե՝ չէ, ես չեմ տեսել, որ, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը ահաբեկչությունը արդարացնող հայտարարություններ են արել», - նշեց Նազարյանը:
Փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի ընկալումն այլ էր. - «Այն փաստը ինքնին, որ իրենք այդ մարդկանց անվանում են քաղբանտարկյալ, նշանակում է, որ իրենք ասում են, որ այն, ինչ իրենք արել են, մեղք չէ: Դա աջակցություն է, ուղիղ աջակցություն»:
Մինչև հեղաշրջման պլանի մասին իշխանական լրատվամիջոցում հրապարակումն ու իրավապահների բացահայտումը, իշխանությունը զավթելու հոդվածով կալանավորվեց «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Այս հոդվածի հիմքում գործարարի հայտարարությունն է, որ եկեղեցին պաշտպանում էր վարչապետ Փաշինյանի արշավից: Հետո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանին կալանավորեցին մեկ տարվա վաղեմության հարցազրույցի համար: Նրա գործի հիմքում էլ ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին հայտարարություններն են:
«Անընդունելի ենք համարում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի տապալման և Հայաստանի Հանրապետության դեմ վարվող հիբրիդային հարձակումներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներգրավելու բոլոր փորձերը», - ասված է հայտարարությունում:
Նախագիծը միայն ՔՊ-ականներով քննարկեցին, դատապարտեցին ու 57 կողմ ձայնով ընդունեցին: