Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը քաղաքական դաշտում կարող է կոնսոլիդացիոն դեր խաղալ, այնտեղ վտանգ են տեսնում. մեկնաբան


Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ եթե իշխանությունները Մայր Աթոռը և Ամենայն Հայոց կաթողիկոսին չընկալեին որպես «քաղաքական վտանգ», կուսակրոնության, եկեղեցու եկամուտների և այլ հարցերը վարչապետին չէին հետաքրքրի:

«Իրականում այս գործընթացները նույնիսկ ներքաղաքական ես չէի անվանի, սրանք ավելի շատ արտաքին քաղաքական գործընթացներ են: ՀՀ իշխանությունները փոխում են արտաքին քաղաքական վեկտորը, այդ գործընթացն արագացել է, և փորձում են այդ ճանապարհին ոչնչացնել այն ամենը, ինչը, իրենք կարծիքով, կխանգարի իրենց դա անել, իսկ քաղաքական դաշտում Մայր Աթոռը կարող է կոնսոլիդացիոն որոշակի դեր խաղալ: Դրա համար էլ իրենք այդտեղ վտանգ են տեսնում, ոչ միայն այնտեղ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Արմեն Բաղդասարյանի համոզմամբ՝ երբ ՀՀ իշխանություններն ասում են, որ իրենք պայքարում են հանուն ինքնիշխանության, անկեղծ չեն. «Եթե ենթադրենք՝ Ադրբեջանը մեզ նվիրել է այդ ինքնիշխանությունը, որպեսզի Ղարաբաղը վերցնի ամբողջովին, բա ինչո՞ւ ամբողջովին վերցնելուց և այդ հարցը փակելուց հետո խաղաղության ձեռք չմեկնեց և շարունակում է պահանջները, հետևաբար խնդիրը միայն Ղարաբաղը չէր»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ շարունակ եկեղեցականների և մասնավորապես Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին է գրում: Սկսել էր վիրավորանքներով, հետո պահանջել, որ Մայր Աթոռը պարզաբանի՝ արդյո՞ք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, ապա պնդել, թե զավակ ունի, վերջում էլ Վեհարանը Վեհափառից ազատելու գործողությունների ծրագիր ներկայացրել:

Մայր Աթոռի դիրքորոշումն է՝ եկեղեցական հարցերը՝ եկեղեցական կանոններով: Գարեգին Երկրորդ Վեհափառ հայրապետը հայտարարել է՝ հավատում է, որ «խոհեմությամբ, առանց ավելորդ հուզականության պիտի կարողանան հաղթահարել այս դժվարությունը»։

«Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղացական արշավ», երեկ էլ այսպես էր բնորոշել վերջին շաբաթների իրադարձությունները, պնդելով, թե այդ արշավը լրջագույն սպառնալիք է ոչ միայն ազգային միաբանությանը, այլև ուղիղ հարված հայոց պետականությանը:

Սրան հաջորդեցին Միքայել և Բագրատ սրբազանների կալանավորումները քրեական գործերի շրջանակներում:

Մանրամասները՝ տեսանյութում

XS
SM
MD
LG