Մատչելիության հղումներ

Ովքեր են ցանկանում դառնալ ՔՊ վարչության անդամ. հին ու նոր անուններ


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործող վարչությունը, արխիվ
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործող վարչությունը, արխիվ

«Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար մարմնի կազմ ընդգրկվելու համար կպայքարեն 42 կուսակցական, նրանց թվում՝ գործող վարչության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Վարչությունն այժմ 15 անդամից է բաղկացած, սեպտեմբերի 20-ին սպասվող ընտրություններին կազմը կընդլայնվի:

«Թե քանիսից ա կազմված լինելու, դա որոշելու ա համաժողովը, բայց վարչությունն ա իրավազոր առաջարկ ներկայացնելու, և մեր նախնական ընկալմամբ՝ մենք կներկայացնենք 20-հոգանոց վարչություն ունենալու առաջարկ», - ասաց ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:

Այժմ իշխող կուսակցության ղեկավար մարմնի անդամներ են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, էկոնոմիկայի և պաշտպանության նախարարներ Գևորգ Պապոյանն ու Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրա տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու նրա տեղակալ Արմեն Փամբուխչյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը, տարածքային կառավարման նախկին նախարար Գնել Սանոսյանն ու պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արսեն Թորոսյանը, Վաղարշակ Հակոբյանը և միակ կին ներկայացուցիչ Արփի Դավոյանը: Վերջինս միակն է գործող կազմից, որ կրկին չի առաջադրվել:

Ինչո՞ւ է Դավոյանը նման որոշում կայացրել, պատգամավորից ճշտել չհաջողվեց: «Ես որևէ այլ մեկնաբանություն չունեմ», - ասաց նա:

Արփի Դավոյանը, որ արդարադատության այժմ նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցում հիմնական դերակատարներից էր, ցանկանում էր ինքը նախարար դառնալ, բայց նրա թեկնածությունը ՔՊ-ն մերժել էր: Դրանից հետո Դավոյանը լրագրողների հետ շփումները գրեթե դադարեցրել է, նախկին ակտիվությամբ աչքի չի ընկնում նաև ԱԺ նիստերին: Չնայած սրան՝ ՔՊ վարչության փոխնախագահն այսօր ասաց՝ որոշել են՝ վարչության 20 անդամից 5-ը պետք է լինեն հակառակ սեռի ներկայացուցիչ: Այս դեպքում ստացվում է՝ ՔՊ ղեկավար մարմինը կունենա առնվազն 5 կին անդամ:

«Մեր քաղաքական թիմը առհասարակ կանանց ակտիվ քաղաքական գործունեությունը խթանելու քաղաքականություն ա վարում», - նշեց Վահագն Ալեքսանյանը:

ՔՊ-ական կին գործիչներից վարչության անդամի համար առաջադրվել են վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Արուսյակ Մանավազյանը, Սոնա Ղազարյանը, Ալխաս Ղազարյանը, Տաթևիկ Գասպարյանը, ցանկում նաև այլ անուններ կան, որոնք հանրությանն այնքան էլ հայտնի չեն:

Վարչության անդամ դառնալու համար առաջադրվել է նաև առողջապահության նախարարը: Անահիտ Ավանեսյանը վերջին շրջանում աչքի է ընկնում քաղաքական սուր հայտարարություններով: Օրինակ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին վերագրվող հանցանքների ֆոնին՝ մեղադրյալներին անվանել էր տեռորիստ, պիղծ, դավաճաններ:

«Հայաստանում հեղաշրջումների, ահաբեկչության փուլը փակ-ված-է», - մասնավորապես հայտարարել էր Ավանեսյանը:

Իշխող ուժի ղեկավար մարմնի արդեն հաստատված թեկածուների ցանկում են նաև ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը, տարածքային կառավարման նախարարը, խմբակցության ևս մի քանի այլ պատգամավորներ: Առաջադրվել է նաև Գյումրու ընտրությունների օրերին լրագրողների հետ աղմկահարույց պատմության մեջ հայտնված, հետո պատգամավորական մանդատը վայր դրած Վիլեն Գաբրիելյանը: Նա հենց մանդատից հրաժարվելու օրն էր տեղեկացրել առաջադրվելու մասին ու պնդել, որ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի «լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք»:

«Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը քաղաքական առանցքային հարցերում որոշում կայացնող մարմին է: Վերջին անգամ կուսակցության վարչության ընտրությունները՝ 2022 հոկտեմբերին, անաղմուկ չանցան: Նախնական հաշվարկով վարչության ընտրված անդամների թվում էին նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, վերահաշվարկից հետո նրանք իրենց տեղերը զիջեցին Արսեն Թորոսյանին և Արմեն Փամբուխչյանին: Մամուլում տեղեկություններ կային, թե կեղծիքներ են արվել:

Լրագրողներն այսօր Վահագն Ալեքսանյանին հարցրին՝ հնարավո՞ր է նման իրավիճակից խուսափելու համար դրսից որևէ ուժ դիտարկի ընտրությունների ընթացքը: Ալեքսանյանը կրկնեց, թե այն ժամանակ ոչ մի կեղծիք չի կատարվել. - «Մարդիկ էդ համակարգիչների դիմաց իրար թելադրել են էդ անունները, մեկը կողքի ձայնն ա լսել, մեկը բան ա արել, մի քանի ձայնի ընդհանուր տարբերություն ա էղել, որը վերահաշվարկի ընթացքում, որովհետև էդ քվեաթերթիկները ոչ մի բան չեն էղել, ուղղակի համակարգիչ անցկացնելուց էդ քիփ տարածքում մարդիկ սխալ են լսել, ընդամենը դա ա տեղի ունեցածը»:

Իսկ կուսակցության վարչության նախագահի պաշտոնում արդյոք հիմնական թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, Ալեքսանյանն ասաց, թե ՔՊ-ն ՀՀԿ-ի մեթոդներով չի առաջնորդվում, ընտրություններով են որոշելու:

«Ես ոչ մի անգամ վարչության նախագահի թեկնածու չեմ էղել և հույս ունեմ, որ չեմ էլ լինի: Իմ մտադրությունը և նպատակը դա ա, որովհետև կարծում եմ, որ դա հակակշիռների, փոխզսպումների ձևավորման առումով ճիշտ մեխանիզմը դա ա, և ես կարծում եմ, որ մեր կուսակցության մեջ տասնյակ մարդիկ կան, ովքեր արժանիորեն կարող են այդ կարգավիճակը ունենալ». - վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ին հենց այսպես վստահեցնում էր, թե չի ցանկանում կուսակցության վարչության նախագահ դառնալ, բայց դարձավ:

Ալեքսանյանն այսօր տարակուսեց՝ ինչո՞ւ ենք հիշել հեռավոր 2019-ին արված այդ հայտարարությունը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG