«Մեր համեստ առաջարկը. արտահերթ ընտրություններ, որ ամեն մարդ ինքը որոշի՝ իշխանության այս քաղաքականությանն աջակցո՞ւմ է, թե՞ ոչ». - Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի առաջարկն է:
«Հայաստանի մէջ եղածը քաղաքական պառակտում է։ Հետեւաբար այն ձայնը, որ բոլոր ձայները պիտի լռեցնէ, Հայաստանի ժողովուրդն է։ Իրենց քուէներով պիտի երթան եւ պիտի որոշեն, թէ այս քաղաքականութեան նեցուկ կը կանգնի՞ն, թէ՞ ոչ։ Մեր համեստ առաջարկը արտակարգ ընտրութիւններուն երթալն է թերեւս, որպէսզի ամէն մարդ իր ապագան տեսնէ», - հայտարարում է Սահակ Մաշալյանը:
Վարչապետն ու եկեղեցականները ծանր խոսքերով ամբաստանում են միմյանց: Ըստ Սահակ Պատրիարքի՝ կա՛մ կողմերը պիտի լռեն, կա՛մ փորձեն բառարանից գեղեցիկ բառեր դուրս բերել և օգտագործել: Ընդ որում, Պոլսո Պատրիարքն այն կարծիքին է, որ գովեստի բառեր կարող են երկու կողմերն էլ գտնել՝ Կառավարությունը գնահատի Վեհափառի 25 տարվա ծառայությունը եկեղեցուն, իսկ «Եկեղեցականները պէտք է անդրադառնան, թէ կառավարութիւնը ինչ տուած է Հայաստանին։ Այսինքն եօթը տարուան ընթացքին միայն չարութի՞ւն ըրած են։ Օգուտ չկա՞յ»։
Դեռ երկու շաբաթ առաջ Պոլսո Պատրիարքը ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրությունների մասին էր խոսում. եկող տարի ոչ միայն խորհրդարանական ընտրություններ են՝ 26 թվականին եկեղեցական ներկայացուցչական ժողով է հրավիրվելու: Սահակ Մաշալյանը կարծում էր, որ կարելի էր այդ ժողովը վերածել Ազգային-եկեղեցական ժողովի՝ սա միակ մարմինն է, որ կարող է կաթողիկոսական գահի հարցերը քննարկել. - «Անձնապէս գիտենք, որ Վեհափառ Հայրապետն ալ շատ յոգնած է այս վիճակէն: Սակայն եւ այնպէս որքան որ ծանօթ ենք իր նկարագրին ետ քայլ չի նետեր արտաքին քաղաքական ճնշումներու ներքեւ, ե՛ւ իրաւունք ունի»:
Եկող տարի, այո, եկեղեցական ժողով է հրավիրվելու՝ ներկայացուցչական, հաստատում է Մայր Աթոռի սրբազաններից Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
«Դա նախապատրաստական ժողով է, որի նպատակը հետագայում Ազգային-եկեղեցական ժողով անելն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդը:
Եպիսկոպոս Սարոյանը բացառում է, որ օրակարգում կարող է Կաթողիկոսի փոփոխության հարց լինել, բայց կուսակրոնության ուխտի թեմայով քննարկում՝ չի բացառում. Ազգային-եկեղեցական ժողովը եկեղեցու իշխանության գերագույն մարմինն է, որ Կաթողիկոսի ընտրությունից բացի, որոշում է ընդունում եկեղեցական, դավանաբանական բոլոր հրատապ հարցերով:
Կուսակրոնության ուխտի թեման այսօր իշխանությունն այնքան հրատապ է դարձրել, որ հնարավոր է՝ գործը հաջորդ ու հաջորդող տարիներին չհասնի:
«Հարցը մեր կյանքին է վերաբերում, ի վերջո էստեղ մենք ենք զոհաբերվոողը, էլի: Եթե մենք դիմանում ենք, ասում ենք՝ այո, օրը կգա, դա էլ կլինի, հա՞, հարցը մեզ է չէ՞ վերաբերում: Մեզնից շատ են մտահոգ մեր մասի՞ն, ես չեմ հասկանում., - ընդգծեց Գևորգ սրբազանը:
Եպիսկոպոս Սարոյանը 24 տարի է՝ կուսակրոնության ուխտ ունի: Խնդիր, համաձայն է, կա, և դա ընդհանուր է բոլոր մյուս քրիստոնեական եկեղեցիների համար: Իշխանությունն, ասում է, լավ կլիներ՝ առանց հայհոյանքի ու թիրախավորման խոսեր, եթե իրենց համար խնդիրը ոչ թե կոնկրետ հոգևորականներն են, այլ՝ եկեղեցին. - «Մտածող են՝ թող գան մեր հետ մտածեն ... Մտածող են, իրենց համար եկեղեցին թանկ է, կարևոր է, ուրեմն՝ թող գան մեր հետ, մեր կողքին, նստենք, մտածենք»:
Այդ ուխտի մասին իրենք մտածում են, եպիսկոպոսն ասում է՝ Վեհափառի հետ էլ են քննարկումներ եղել, և ընդհանրապես, վերջին հարյուր տարում եկեղեցական մի շարք մտածողներ անդրադարձել են այդ հարցին՝ գուցե կուսակրոն լինելը ոչ թե պարտադիր, այլ՝ կամավոր դառնա:
«Չի բացառվում, որ կարելի է ուղղակի այդ ուխտագիրը դարձնել կամավոր, ինչպես որոշ եկեղեցիների պարագային կա՝ ովքեր կուզենան, թող ստորագրեն, ովքեր չեն ուզենա, թող ամուսնանան: Էլի ես չեմ հավատում, որ կատարյալ տարբերակներ մենք կստեղծենք, որովհետև մենք գործ ունենք մարդու հետ», - ընդգծեց Գևորգ սրբազանը:
Ուղղափառների, կաթոլիկների հետ ընդհանրական եկեղեցու մաս ենք, այնպիսի որոշում պիտի կայացնենք, որ եկեղեցական ավանդույթներից չշեղվենք, նկատում է եպիսկոպոս Սարոյանը:
Ի դեպ, նա մի շեշտադրում էլ ունի ՝ իշխանական այն մեղադրաքնների հետ կապված, թե Կաթողիկոսն ու որոշ սրբազաններ կուսակրոնության ուխտը խախտել են. - «Ուխտի խախտումը ինչպես մեր համար, այնպես էլ յուրաքանչյուր քրիստոնյայի համար այն է, երբ որ դու հարատևում ես որևէ մեղքի մեջ, կապ չունի՝ դա կվերաբերի սեռական ժուժկալության հարցին, թե կվերաբերի ագահությանը»:
Ուխտի խախտում չեն անկումները. Գևորգ սրբազանն այսպես է բնորոշում այն, ինչ կարող է պատահել Աստծո հետ ուխտ արած մարդ արարածի կյանքում: Իսկ եթե, օրինակ, անկումները կրկնվում են, «իմ խոստովանահայրը կորոշի», - ասում է եպիսկոպոս Սարոյանը: