Մատչելիության հղումներ

Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ


Վերաքննիչ դատարանն այսօր որոշում կայացրեց կալանքի տակ թողնել ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին:

Երկամսյա բանտարկության որոշումից անմիջապես հետո փաստաբանները դիմել էին վերաքննիչ, բայց դիմումը հետ էին վերցրել՝ հայտարարելով, թե չեն վստահում դատավոր Արմեն Դանիելյանին: Վերջինս, սակայն, անտեսելով այդ դիմումը, նիստ էր նշանակել ու գրավոր քննել բողոքը:

Փաստաբան Ռուբեն Հակոբյանն ասաց՝ այլ բան չէին էլ սպասում այս դատավորից, որի որոշումները, իրենց կարծիքով, չեն տարբերվում դատախազների դիրքորոշումից: Փաստաբաններն այս մի որոշումը կբողոքարկեն վճռաբեկում:

«Մենք գտնում ենք, որ ինքը միանշանակ ինքնաբացարկ պետք է հայտներ, նման բնույթի գործերով ինքը չի կարող լինել ինքնուրույն, անաչառ և գործել իր սկզբունքներին կամ արդարադատությանը հարիր», - ասաց Հակոբյանը:

Կարապետյանն իրավապահների ուշադրության թիրախում հայտնվեց, երբ քննադատեց վարչապետի գլխավորությամբ եկեղեցու դեմ սկսված արշավը: Գործարարի հայտարարությունից ժամեր անց նրան մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար:

Մինչ այս, ինքը՝ գործարարն արդեն երկու դիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ իշխանական պատգամավորների: Արսեն Թորոսյանից և Հայկ Կոնջորյանից հերքում և ընդհանուր 18 միլիոն դրամ է պահանջում իրեն զրպարտելու համար:

«Եվ այսօր Կտրիճ Ներսիսյանի վեղարը նման է մի մարտագլխիկի, որի տակ հավաքվել են բոլոր ինչքան հանցագործ ասես․ օլիգարխներ, նախկին թալանչիներ, դուրսպրծուկներ, սրբապիղծներ և ընտրապիղծներ, հիմնադիր ընտրապիղծներ, բոլորը հավաքվել են էս վեղարի տակ որպես մարտագլխիկ և էդ մարտագլխիկով ուզում են կրակեն պետության վրա: Երեկ այդ մարտագլխիկի տակ սահուն կերպով հայտնվեց նաև ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը», - նշել է Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանի՝ խորհրդարանի ամբիոնից երկու շաբաթ առաջ արած այս հայտարարությունն է Կարապետյանի բողոքի հիմքում:

Արսեն Թորոսյանը ևս հետ չէր մնացել գործընկերոջից. - «Ես 2 հայտարարությանն եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբլյանկայում են կտրել, ФСБ-ի շտաբ կվարտիրայում, որը գտնվում է Մոսկվայում։ Առաջինի անունը Արշակ ա... Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը Սամվել Կարապետյանին»:

Արդյոք իշխանականները պատրա՞ստ են հերքել իրենց իսկ խոսքերը: Հայկ Կոնջորյանը չցանկացավ լսել մեր հարցը, իսկ Արսեն Թորոսյանը փոխանցեց՝ Ֆեյսբուքի գրառմանն ավելացնելու ոչինչ չունի:

«Ինչպիսի մեծ պատիվ Գիտեն թե փող ունեն, կարող են տասնյակ փաստաբաններ վարձել ու աջուձախ բոլորին դատի տալ ու դրանով ինչ-որ հարցեր լուծել, օրինակ՝ մեզ լռեցնե՞լ։ Լու՞րջ», - գրել էր Թորոսյանը։

Սամվել Կարապետյանի փաստաբան Կորեն Մարգարյանը դատարաններից անաչառ որոշում է ակնկալում. - «Մեր գնահատմամբ՝ դատական պրոցեսը պետք է բնականոն գնա, այսինքն, որևէ հիմք այս պահին չեմ տեսնում, որ հնարավոր կլինի քաղաքացիական դատարանների վրա ազդելու: Այդ տեսաանկյունից, եթե մենք ապացուցում ենք, որ վիրավորնք է եղել ու զրպարտություն, այդ դեպքում ոչ մի խնդիր չեմ տսնում»:

Կարեն Մարգարյանն ասաց՝ պահանջում են, որ իշխանական պատգամավորները Կարապետյանին վիրավորելու ու զրպարտելու համար վճարեն օրենքով սահմանված առավելագույն գումարը՝ 9 միլիոն դրամը:




XS
SM
MD
LG