Մատչելիության հղումներ

Յոթ Վերք եկեղեցում միասնական աղոթք և ստորագրահավաք՝ ի աջակցություն Միքայել Աջապահյանի


Մեկ շաբաթ է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ճաղերի հետևում է՝ հեղաշրջման կոչ անելու մեղադրանքով: Նրա բացակայությունը թեմում փորձում են լրացնել տարբեր ակցիաներով: Այսօր առաջնորդարանի պատշգամբներից լսվում էին Սրբազանի քարոզները, նրա կենսագրությունն ու հարցազրույցները:

Իսկ Սուրբ Յոթ Վերք եկեղեցում միասնական աղոթք էր ի աջակցություն թեմի հոգևոր առաջնորդի:

Եկեղեցին այսօր թեև մարդաշատ չէր, բայց ինչպես նկատեց Տեր Եզնիկ քահանա Գալստյանը ամեն դեպքում սրբազանի մասնակցությամբ պատարագներին ասեղ գցելու տեղ չէր լինում:

«Դուք կպատկերացնեի՞ք, որ պատարագի ժամանակ, գիտեք՝ Աստված հրաշագործ է, Միքայել սրբազանը ներս մտներ, ինչքան մարդիկ ամոթով կմնային, որ ներկա չեն գտնվել: Ի՞նչ, պատարագների ուրեմն գալիս եք Միքայել սրբազանի համա՞ր. սրբազանը կա լիքն եք, սրբազանը բացակա է, ոչ մեկը չկա», - ասաց քահանան:

Զուգահեռ եկեղեցում շարունակվում է Աջապահյանի ազատ արձակման պահանջով ստորագրահավաքը: Ստորագրահավաքն անցկացվում է նաև թեմերում, արդյունքները կամփոփվեն կիրակնօրյա պատարագից հետո:

Քննչական կոմիտեն Միքայել արքեպիսկոպոսին մեղադրում է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով՝ նրա մեկ տարվա վաղեմության հարցազրույցի հետքերով, որտեղ վերահաստատել էր, թե իր կարծիքով ռազմական հեղաշրջում անելու անհրաժեշտություն կա:

Երկու ամսով կալանավորված Շիրակի թեմի առաջնորդի փաստաբանները դիմել են դատախազություն, որ դադարեցվի քրեական հետապնդումը: Պնդում են՝ բարձրաստիճան հոգևորականը որևէ հանցանք չի կատարել: Նա ընդամենն իր քննադատական տեսակետն է հայտնել: Դատախազությունը դեռ չի արձագանքել, նախկինում պնդել էին, թե Աջապահյանի հայտարարությունը ոչ թե զգացական է եղել, այլ գիտակցված գործողություն: Քննչական կոմիտեն Աջապահյանին ու ահաբեկչության գործով մեղադրյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին վերագրվող արարքները դիտարկում է մեկ շղթայի մեջ:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG