Ըստ Փաշինյանի՝ իր հռչակած «Իրական Հայաստանը» առանց նոր Սահմանադրության չի «ամբողջանա»

Հայաստանի սահմանադրության 30-ամյակն իշխանություններն ու նրանց հրավիրյալները տոնեցին Oպերայի շենքի ներսում՝ առանց լրագրողների: Վարչապետ Փաշինյանն իր շնորհավորական տեքստում դարձյալ պնդեց՝ Հայաստանին նոր սահմանադրություն է պետք:

«Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է ունենա կոնկրետ նպատակ, դա պիտի արտահայտի էն իրողությունը, որն այսօր արդեն ՀՀ-ում առկա է, և այդ իրողությունը հետևյալն է, որ այդ ՀՀ-ն իր քաղաքացուն ասում է՝ հայրենիքը և պետությունը այլևս նույնական են: Բայց ի տարբերություն մեր նախորդ ամբողջ շրջանի, հազարամյակների պատմության, մեր ուղերձը պետք է լինի շատ հստակ, և այդ ուղերձի առարկայական արտահայտությունը պետք է լինի ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ընդունված նոր Սահմանադրությունը», - հայտարարեց Հայաստանի ղեկավարը:

Նոր մայր օրենք ունենալու անհրաժեշտությունը Փաշինյանը հիմնավորեց իր այն պնդմամբ, թե իր հռչակած «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը չի կարող ամբողջական լինել գործող սահմանադրության պայմաններում: Տոնական ուղերձում վերստին կասկած հայտնեց նախկինում ընդունված սահմանադրությունների լեգիտիմության առնչությամբ. - «Մեր գործող սահմանադրությունները սկսած 1995-ից առնվազն լրջագույն հարց են թողել, արդյո՞ք դրանք ընդունվել են ժողովրդի ազատ կամարտահայտմամբ»:

Այսօրվա ելույթում Փաշինյանը չխոսեց Սահմանադրության նախաբանում հիշատակվող Անկախության հռչակագրի մասին, որը նրա կարծիքով՝ «կոնֆլիկտածին է»:

Դա նաև խաղաղության հաստատման՝ Բաքվի պահանջն է: Ադրբեջանը պահանջում է հանել այդ անփոփոխ դրույթը՝ այնտեղ տարածքային պահանջներ տեսնելով: Փաշինյանն այսօր պնդեց, թե Ադրբեջանը խոսում է սահմանադրության փոփոխության, իսկ ինքը բոլորովին նոր սահմանադրության մասին:

«Մենք խոսում ենք բոլորովին նոր Սահամանդրության ընդունման մասին, որը պիտի տեղի ունենա անառարկելիորեն ժողովրդի ազատ կամքի արտահայտմամբ, որ ժողովուրդը այդ սահմանադրությունը և դրանից բխող իրավակարգը համարի իրենը, իր հարազատը, իր հայրենիք պետության մեջ ապրելու էն կանոնը, որն ինքն է ստեղծել, ինչ-որ ուրիշ մարդիկ չէ, դրսից Պարսկական, Օսմանյան կայսրությունը, Խորհրդային Միությունը»:

Նույն միջոցառման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ելույթի առանցքում ևս գործող սահմանադրության փոփոխությունն էր նորով. - «Սահմանադրությունը մեռած նորմերի ժողովածու չէ։ Այն պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող, հանրային և պետական կյանքի կազմակերպման փոփոխություններին արձագանքելու ունակ կենդանի փաստաթուղթ։ Այդ կարողությունն է, որ թույլ է տալիս պահպանել Սահմանադրության շարունակականությունը՝ առանց կորցնելու դրա հիմնարար արժեքները»:

Այսօրվա տոնական միջոցառումը բոյկոտած «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը տարակուսում է, թե ինչո՞ւ են Փաշինյանն ու մյուսները տոնում Սահմանադրության ծնունդը, երբ դրա սկզբունքները չեն գործում. օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների հավասարակշռությունը, ըստ Մարուքյանի, խախտված է:

«Այս պայմաններում, երբ հարևան երկիրը միջամտում է մեր ինքնիշխանությանը, պնդում է, որ մեր Սահմանադրությունը պետք է փոխենք, նոր զինանշան պետք է ընդունենք, դա 30-ամյա Սահմանադրությունը նշելու բա՞ն է, հա՞»:

Մարուքյանը, որ սահմանադրական փոփոխությունների խորհրդի անդամ է, պնդում է՝ շնորհավորելու փոխարեն լավ կլիներ, որ վարչապետն իր թիմով պարզապես չխախտեր սահմանադրությունը:

«Ազգային ժողովը դատարանի դեր է ստանձնել և իր հայտարարությամբ դատավճիռներ է հռչակում: Վարչապետը բացարձակապես դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների սահմաններից և զբաղված է հակասահմանադրական պրոցեսներով», - պնդեց ԼՀԿ ղեկավարը՝ որպես օրինակ բերելով եկեղեցուն պաշտպանելուց հետո բանտում հայտնված գործարար Սամվել Կարապետյանի օրինակը:

Մանրամասները «Ազատության» տեսանյությում.