Լրագրող բանտում. Ազատ արձակված «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ-ի նախկին լրագրողը վերհիշում է Բելառուսում իր բանտարկությունը

Իհար Կարնեյը Լիտվայում 2025 թվականի հունիսին՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարության 14 բանտարկյալների ազատ արձակումից հետո

Լրագրող Իհար Կարնեյը մինչև այսօր ամենայն մանրամասներով է մտաբերում՝ ինչպես երկու տարի առաջ մի երկուշաբթի առավոտյան խանութ դուրս եկավ, բայց այդպես էլ տեղ չհասավ։ Բնակարանից դուրս գալուց վայրկյաններ անց նա իրեն ուղեկցող ստվեր նկատեց, հետո մոտեցավ մի սպա ՊԱԿ-ից (Խորհրդային Միության փլուզումից գրեթե 35 տարի անց դեռևս այսպես է կոչվում Բելառուսի ներքին անվտանգության գործակալությունը)։

«Պարզվեց, որ նրանք դարանակալել էին աղբատարի մոտ։ Ու նա պարզապես ցույց տվեց ինձ թղթի մի կտոր, մտցրեց այն քթիս տակ և ասաց՝ «Ետ դառնանք, ես քեզ հարցեր ունեմ տալու, խուզարկություն կանենք», - «Ազատություն» ռադիոկայանին պատմել է լրագրողը։

Բնակարանի խուզարկությունից հետո Կարնեյին ձերբակալել էին։

«Ես նույնիսկ հիշում եմ, թե ինչ վերնաշապիկ էր նրա հագին», - պատմել է կինը՝ Ինան։ «Մտածեցի, որ պետք է հիշենք այդ պահը, քանի որ մենք չգիտեինք, թե որքան ժամանակ նա կբացակայի։ Որոշ ժամանակ անց քննիչը զանգահարեց և ասաց, որ նա 10 օրով կալանավորվեց»։


Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվյատլանա Ցիխանոուսկայան Լիտվայում հանդիպում է ազատ արձակված բանտարկյալների, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող Իհար Կարնեյի հետ

Իրականում, Կարնեյը կալանքի տակ մնաց գրեթե երկու տարի։ Նրան պահել են Բելառուսի տարբեր բանտերում՝ մեծ մասը գերծանրաբեռնված բանտախցերում կամ մեկուսարանում՝ դաժան պայմաններում։

Նրան ազատ են արձակել անցյալ ամիս, երբ Միացյալ Նահանգների միջնորդությամբ ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի դաժան ռեժիմի հետ համաձայնության արդյուքնում նա տեղափոխվեց Լիտվա։ Այդ գործարքի շրջանակներում ընդհանուր թվով 14 բանտարկյալներ էին ազատ արձակվել։

Կարնեյը, ով ավելի քան 20 տարի աշխատել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանում, հազարավոր բելառուսցիներից մեկն է, ովքեր, ըստ իրավապաշտպանների, քաղաքական դրդապատճառներով են բանտարկվել։

Այդ բանտարկությունները առավել ինտենսիվ բնույթ ստացան, երբ երկիրը 31 տարի ղեկավարած Լուկաշենկոն, ով երբեք չի հանդուրժել այլախոհությունը, էլ ավելի սաստկացրեց բռնաճնշումները 2020 թվականին՝ միլիոնավոր մարդկանց կողմից կեղծված համարվող նախագահական ընտրություններից հետո։

«Անմարդկային պայմաններ»

Կարնեյի պատմությունն ընդգծում է ճնշման և անարդարության մթնոլորտը, որը, ըստ ռեժիմի ընդդիմախոսների և ակտիվիստների, տիրում է Բելառուսում։ Ամեն ինչ սկսվեց Մինսկի տխրահռչակ «Ակրեստինա» բանտից, որտեղ, ըստ Կարնեյի, «պայմանները պարզապես անմարդկային են»։

Նրան պահել են վեց քառակուսի մետրից պակաս տարածքով խցում։

«Նրանք այնտեղ 10 հոգի են խցկում։ Մեր խցում միջինում 10 մարդ էր լինում։ Տղաները պատմում էին, որ որոշ խցերում ավելի շատ մարդ է եղել։ Պարզապես ոնց որ լեփ-լեցուն ավտոբուսի մեջ կանգնած լինես։ Եվ այսպես հինգ, տասը, տասներկու օր՝ դա շարունակվում է անվերջ», - հիշում է նա։

Կարնեյի խոսքերով՝ պահակները բանտարկյալներին գիշերը երկու անգամ արթնացնում էին ներկա-բացակայի համար՝ ժամը 2-ին և 4-ին։ «Ֆիզիկապես դժվար է վեր կենալ, որովհետև մարդիկ իրար են կպած լինում, ոնց որ հավաքովի փազլի մեջ։ Մեկը մյուսից պոկվելը դժվար է դառնում», - պատմեց նա։

Լրագրողը պատմեց նաև, որ բանտարկյալները հերթ էին կանգնում իրենց բնական կարիքները հոգալու համար, ինչը տեղի էր ունենում բոլորի աչքի առաջ։ Սնունդ ընդունելը շտապողական և լարված մթնոլորտում էր անցնում. 1500 մարդ պետք է մեկ ժամից էլ պակաս ժամանակամիջոցում հասցներ անցնել ճաշասենյակով, որտեղ մեծ իրարանցում էր տիրում։

«Սա է ցանկացած բանտարկյալի գլխավոր զենքը. եթե կորցնես, սոված կմնաս», - ասաց նա՝ ցույց տալով բանտից իր հետ բերած ալյումինե մի գդալը։ «Դու սա գիշեր-ցերեկ գրպանումդ պետք է պահես։ Սա այն է, ինչ օգնում է քեզ գոյատևել», - հավելեց Կարնեյը։

2023 թվականի օգոստոսին՝ ձերբակալությունից մեկ ամիս անց, Կարնեյը իմացավ, որ իր գործը կապված է Բելառուսի լրագրողների ասոցիացիային իր առնչության հետ։ Ավելի վաղ այդ տարին ՊԱԿ-ը որակել էր այն որպես ծայրահեղական կազմակերպություն։

2024 թվականի մարտին նա մեղավոր ճանաչվեց ծայրահեղական խմբավորմանը մասնակցելու մեջ և դատապարտվեց երեք տարվա ազատազրկման։ Դեկտեմբերին նրա պատժաչափը երկարացվեց ևս 10 ամսով։

Նրա դեմ ներկայացված հիմնական ապացույցներից մեկը նրա 1997 թվականին գրած դիմումն էր, որով նա խնդրում էր ընդունել իրեն նորաստեղծ լրագրողների ասոցիացիա։ Կարնեյը սա անհեթեթ է համարում։

Իհար և Ինա Կարնեյները զրուցում են «Ազատություն» ռադիոկայանի հետ՝ Իհարի բելառուսական բանտից ազատ արձակվելուց հետո

«Պարոնայք, անցել է քառորդ դար, տարիներ շարունակ ամեն ինչ լավ էր, այդ միավորումը գրանցված էր, գործում էր, ոչ մեկին չէր անհանգստացնում... Նախկինում ոչ ոք դրանով նույնիսկ չէր էլ հետաքրքրվում», - ասաց 57-ամյա լրագրողը։

Բայց ըստ նրա, իր դատավարության և բանտում անցկացրած ժամանակի ընթացքում դատախազների և բանտապահների ուշադրությունը կենտրոնացած էր ոչ թե այդ միավորման, այլ «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության՝ տեղում առավել հայտնի որպես «Սվաբոդա»-ի հետ իր աշխատանքի վրա։

«Նրանք միշտ հիշատակում էին «Սվաբոդան», և սա ինձ համար դժվար գործոն էր», - ասաց նա՝ հավելելով, որ իրեն թիրախավորել էին պետության կեղծ պնդման պատճառով, թե իբր նա իրեն «վաղուց էր ծախել և գործում էր ոչ թե իր ազատ կամքով, այլ ուրիշի կամքով»։

«Ակրեստինա» բանտից հետո Կարնեյը տեղափոխվեց արևելյան Բելառուսի Շկլով քաղաքում գտնվող բանտ։ Ինչպես խորհրդային տարիներին, «քաղաքական» հանցագործությունների համար դատապարտվածները, ի տարբերություն բռնի կամ ֆինանսական հանցագործությունների համար դատապարտվածների, հաճախ զրկվում էին այնպիսի հիմնական իրավունքներից, ինչպիսիք են այցելությունները, նույնիսկ հարազատների հեշտ շփումները, գրադարանից և մարզական սարքերից օգտվելու հնարավորությունից։

Բացի այդ, իշխանության ընդդիմախոսներին անհարմար դրության մեջ էին դնում՝ ամեն օրը սկսելով և ավարտելով ազգային օրհներգի նվագով։ Եթե բանտարկյալը ձեռքը չդներ սրտին, նրան սպառնում էին պատժով կամ կարող էին շարունակել պահել մենախցում։

«Չափազանց դաժան» մթնոլորտ

Ավելի ուշ Կարնեյին տեղափոխեցին հարավարևելյան Մազիր քաղաքի խիստ ռեժիմի բանտ։ Նրա խոսքով՝ այնտեղի խարխուլ ենթակառուցվածքների համեմատ Շկլովը «Լաս Վեգաս» էր թվում, բայց միևնույն ժամանակ Շկլովում մթնոլորտը «չափազանց դաժան» էր։ Անհնազանդության նույնիսկ ամենափոքր նշանը պատժվում էր․ անմիջապես տեղափոխում էին մենախուց։

Իհար և Ինա Կարնեյները և նրանց չորս դուստրերը բազմաթիվ բելառուսցիների թվում են, ովքեր 2020 թվականի ընտրություններից ի վեր լքել են երկիրը՝ խուսափելու հետապնդումներից և սպառնալիքներից։ Այդ ժամանակվանից ի վեր ձերբակալվել է ավելի քան 65 հազար մարդ, որոնցից շատերը պնդում են, որ իրավապահների կողմից բռնության կամ կտտանքների են ենթարկվել։

Հունվարին՝ ազատ արձակվելուց մի քանի ամիս առաջ, Կարնեյը դարձավ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի երրորդ բանտարկված ներկայիս կամ նախկին լրագրողը, ում ստիպեցին հանդես գալ պետական հեռուստատեսության կողմից նկարահանված տեսանյութում, որը նա «ՊԱԿ-ի քարոզչական ֆիլմ» է անվանում։

Տեսանյութերում, որտեղ լրագրողներին մեղադրում են «Բելառուսը հրդեհելու» փորձի մեջ, պետական հեռուստաալիքներով հեռարձակվել են 2025 թվականի հունվարին նախատեսված նախագահական ընտրություններից առաջ։

Կարնեյը պատմեց, որ իր «քիթը գրեթե սառել էր ցրտի և անձրևի տակ երկար նկարահանումների ժամանակ»։ Նրա խոսքով՝ այդ քարոզչական տեսանյութերը որևէ արժեք չունեն։ «Ցանկացած մեկի համար պետք է ակնհայտ լինի, որ այնտեղ մարդիկ ճնշման տակ են, որ դա իրական չէ», - ասում է նա։

Լուկաշենկոն իրեն հաղթող է հռչակել հունվարին կայացած նախագահական ընտրություններում՝ յոթերորդ անգամ անընդմեջ ստանձնելով նախագահի պաշտոնը։ Նրա ընդդիմախոսները, ինչպես նաև արևմտյան կառավարություններից շատերը ընտրությունները կեղծված են որակել։

«Վյասնա» մարդու իրավունքների կենտրոնի տվյալներով՝ չնայած վերջին ամիսներին տեղի ունեցած մի շարք ազատ արձակումներին, հուլիսի 1-ի դրությամբ Բելառուսում ճաղերի հետևում մնում է հազարից ավելի քաղբանտարկյալ։

Նրանց թվում է ավելի քան հինգ տարի առաջ ձերբակալված «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Իհար Լոսիկը։ Հունվարին էլ էր հայտնվել Լուկաշենկոյի վարչակազմի կողմից նկարահանված քարոզչական տեսաֆիլմում․ դրանից բացի մոտ երկու տարի՝ Լոսիկի մասին այլ լուր չկա։

Հիմնված է «Ազատություն» ռադիոկայանի Բելառուսական ծառայության կողմից անցկացված հարցազրույցի վրա։