Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երկու միջնորդագիր է ուղարկել Ազգային ժողով՝ պատգամավորների համաձայնությունը ստանալու և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և նրան կալանավորելու համար։
Ըստ դատախազի՝ կան բավարար ապացույցներ, որ ընդդիմադիր պատգամավորին մեղադրանք առաջադրվի՝ ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը յուրացնելու հոդվածներով։
Դատախազությունը կալանքի անհրաժեշտությունը բացատրում է նրանով, որ տվյալ անձը ազատության մեջ մնալով կարող է ձեռնամուխ լինել «նախապատրաստած հանցանքների իրագործմանը», նաև դիմել փախուստի։
ՀՅԴ անդամ Արթուր Սարգսյանի տանն էլ էր հունիսի 25-ին խուզարկություն իրականացվել, սակայն նա չէր տեղափոխվել Քննչական կոմիտե: Այդ օրը մի շարք խուզարկություններ ու ձերբակալություններ էին ընդդիմադիրների շրջանակում:
Գլխավոր դատախազությունն ավելի վաղ դիմել էր խորհրդարանին, որպեսզի ստանա պատգամավորների համաձայնությունը ընդդիմադիրներ Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին մեղադրանք առաջադրելու համար:
Արտահերթի վաղվա օրակարգում նախ կքննարկվի նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով դատախազի միջնորդագրերը, հետո նաև Արթուր Սարգսյանի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատախազը միջնորդագիր կուղարկի ԱԺ՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար