Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հորդորեց ՔՊ-ականներին միջնորդել Շիրակի թեմի առաջնորդի կալանքի հարցում

«Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր բոյկոտեց Գյումրիի ավագանու արտահերթ նիստն ու դուրս եկավ դահլիճից։ Նախքան բոյկոտը խմբակցության ղեկավարը հորդորել էր, որ դահլիճում գտնվող ՔՊ-ականները միջնորդեն կալանքից ազատ արձակել Շիրակի թեմի առաջնորդին, որին իրավապահները մեղադրում են իշխանությունը զավթելու կոչի համար։

Արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը. «Մեր Շիրակի թեմի առաջնորդի հետ կապված իրավական գործընթաց կա, բոլորս կհասկանանք, եթե այդտեղ կա որևէ քաղաքական դրդապատճառ, միանշանակ ես կկանգնեմ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կողքին, ոչ թե անձերի, այլ իմ եկեղեցու»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գալստանյանի, Աջապահյանի ու Կարապետյանի մեղադրանքները՝ մեկ շղթայի մեջ. ՔԿ նախագահ

«Մայր Հայաստան»-ի հեռանալուց հետո ավագանին քննարկեց ու 22 կողմ ձայնով փաստաբան Իրինա Հակոբյանին լիազորեց դատարանում քաղաքապետարանի շահերը ներկայացնել, որպեսզի ժամանակին Գյումրիին պատկանած երկու տասնյակից ավելի գույքերը վերադարձվեն համայնքին։

Մոտ մեկ տարի առաջ կրկին ՔՊ-ի նախաձեռնած արտահերթ նիստում որոշում կայացվեց, որ Գյումրիի նախկին քաղաքապետեր Վարդան Ղուկասյանի ու Սամվել Բալասանյանի պաշտոնավարման տարիներին օտարված 24 անուն գույքը դատական ճանապարհով պետք է վերադարձվի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երկու նախկին քաղաքապետերի օրոք օտարված 24 գույքերը Գյումրիին վերադարձնելու պահանջը հասավ դատարան

Ինքը՝ Ղուկասյանն, այսօր հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի, բայց ինքն ու ավագանու մի քանի անդամներ չեն մասնակցի քվեարկությանը։

ՔՊ-ի խմբակցությունից Քնարիկ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչու են արտահերթ նիստ հրավիրել ու ինչու են ակնկալում, որ ավագանին կողմ կքվեարկի. «Հիմա դատարանը շատ կարևոր է համարում, որ մենք ավագանու որոշմամբ լիազորենք փաստաբանին, որպեսզի ինքը կարողանա համայնքի ու նաև ավագանու շահերը ներկայացնել դատարանում»:

Երբ սկսեց թվարկել մի քանի գույքերի անուններ, որոնք առնչվում էին Վարդան Ղուկասյանին ու նրա ընտանիքին, մի պահ մթնոլորտը լարվեց, նաև գնահատականներ հնչեցին։

Հինգերորդ անգամ քաղաքապետի պաշտոնին վերադարձած Ղուկասյանը մի ամբողջ փաթեթով էր եկել նիստին, թե ինչպես է կառավարությունը Գյումրիի «լավ պատառները» օտարել ու փոխադարձաբար առաջարկեց ՔՊ-ին դրանք վերադարձնելու հարցում օգնել համայնքապետարանին։

Ամենաարժեքավոր գույքը, որ օտարվել է, ըստ Ղուկասյանի՝ ջրմուղն է, որը կառավարությունը համայնքից վերցրել ու կառավարման է հանձնել «Վեոլիա Ջրին»։ Մի քանի տասնյակ միլիոն դոլարանոց գույքի դիմաց համայնքին նույնիսկ գույքահարկ չեն վճարում, դժգոհեց Ղուկասյանը։ Հիմա ժամանակն է գույքը ետ վերցնել ու դիմել կառավարությանը, ասաց նա:

Գյումրիի քաղաքապետարանը ժամանակին 180 միլիոն դրամի դատական հայցեր է ներկայացրել, բայց դրանք տեղից չեն շարժվել։ Իսկ այս ընթացքում, ըստ Ղուկասյանի, քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ առանց հիմանավորման 35 մլն դրամի հայցեր են դատարանից ետ կանչել՝ այստեղ չարաշահում է տեսնում։

ՔՊ-ից արձագանքեցին, թե հայտնաբերված չարաշահումների ու գույքի վերադարձի հարցում պատրաստ են աջակցել։

Ավագանին լիազորեց փաստաբանին, ընդ որում՝ այսօր վերջին օրն էր, երբ փաստաբանը պետք է դատարան ներկայացներ ավագանու լիազորագիրը։