Փոփոխություններ արցախցիների բնակարանային ծրագրում. ըստ նախարարի՝ դրանք կփոխեն իրավիճակը

Արցախցիները հավաքվել են Կառավարության շենքի դիմաց՝ իրենց խնդիրները բարձրաձայնելու, հունիս, 2025թ.ւ

Լավարկում. Կառավարությունն անընդհատ և այսօր նույնպես այս բառն էր շեշտադրում արցախցիների բնակարանային ծրագիրը փոփոխելիս: Գործադիրի նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ներկայացրեց փոփոխությունները:

«Առաջարկում ենք սահմանել 4 միլիոն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ: Այս պահին եղած ցանկերում ներառված են 57 համայնքների 452 բնակավայրեր, մենք այս նախագծով առաջարկում ենք ցանկն ընդլայնել՝ 452-ի փոխարեն սահմանենք 611 բնակավայրեր և այդ բնակավայրերի համար սահմանենք 4 միլիոն դրամ», - ասաց Նարեկ Մկրտչյանը:

Տեղահանվածների համար իշխանության գործարկած ծրագրով ամեն անձին 3 միլիոն դրամի հավաստագիր է տրվում՝ Երևանի ու անմիջական հարևանությամբ գտնվող համայնքներում տուն ձեռք բերելու համար, սահմանամերձ բնակավայրերինը՝ 5 միլիոն, մնացածը՝ 4 միլիոն դրամ: Որ արցախցիների համար Կառավարության այս ծրագրով տուն գնելը հեշտ գործ չէ, թվերն են ցույց տալիս. մինչև այժմ ընդամենը 1600 ընտանիք է հավաստագիր ստացել, մոտ 300-ը կարողացել են տուն գնել, այնինչ բնակարանային այս ծրագիրը 25 հազար տեղահանվածի համար էր:

Մի շարք բնակավայրեր 3 միլիոնի գոտուց 4 միլիոն տեղափոխելը, նախարար Մկրտչյանի կարծիքով, կփոխի վիճակը. - «Այս լավարկումով, բարեփոխումներով, մենք վստահ ենք, որ թիվը էականորեն կսկսի մեծանալ, և ավելի շատ շահառուներ կկարողանան մասնակցել ծրագրին»:

Կառավարության այսօր ընդունած որոշումը լավարկող էլի կետեր ունի՝ ծրագիրն այս ամսվա սկզբից բաց է բոլոր խմբերի համար՝ անկախ, թե ընտանիքում քանի հոգով են ապրում: Եթե հաջողվի այս գումարով տուն գնել ու դեռ տակը փող էլ մնա, ընտանիքն այն կարող է տնօրինել մի քանի ուղղություններով. - «Վերանորոգման վարկի ստացման, գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերման և կահույքի ամ կենցաղային տեխնիկայի գնման համար»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի ճշգրտող հարցերից հետո համոզվեց՝ 6-հոգանոց ընտանիքը 30 միլիոն դրամով կարող է տուն կառուցել. - «30 միլիոն դրամը, արձանագրենք, որ դա իրատեսական, նորմալ գումար է, և կարելի է նորմալ, լավ, գեղագիտական լավ տեսքով և հարմարավետ բնակարան կառուցել և արդեն մեկնարկել ապրել այդ բնակարանում»:

6 հոգանոց ընտանքիը որպեսզի 30 միլիոն դրամի հավաստագիր ստանա, պիտի 5 միլիոնանոց գոտում տուն կամ հող գտնի, այսինքն` սահմանային բնակավայրում: Արցախցիներն այս ծրագրի գործարկման պահից ի վեր պնդում են՝ հատկապես հեռավոր մարզերում գործ չկա, միայն տուն ունենալը իրենց չի կերակրի: Արցախցիների խնդիրներն ու պետական ծրագրերը ուշադրության կենտրոնում պահող Լիաննա Պետրոսյանն ասում է՝ այս փոփոխությունները լավ են, բայց տեղահանվածների բնակարանային խնդիրը չեն լուծելու:

«Լայնածավալ փոփոխությունները, որ իրենք յդպես ներկայացրեցին, իրական չեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Փաստարկները մի քանիսն են: Նախ, ըստ Պետրոսյանի, անմիջապես թանկանում են բոլոր այն տները, որ արցախցիները ցանկանում են հավաստագրով ձեռք բերել, 5 միլիոնանոց գոտում, այսինքն՝ սահմանին ապրել բռնի տեղահանվածները դեմ չեն, բայց, ասում է, դրա համար աշխատանք ու այլ պայմաններ են պետք:

«Եթե Կառավարությունը կարողանար այնպիսի բարենպաստ, այնպիսի գրավիչ պայմաններ ստեղծեր այդ բնակավայրերում, որ այնտեղ բոլոր ենթակառուցվածքները լինեին, և լիներ նաև, և՛ զբաղվածության հարցը լուծվեր, և՛ համապարփակ մոտեցում ցուցաբերվեր տեղահանվածին տվյալ բնակավայրում, ես վստահաբար կարող եմ ասել, որ բոլորն էլ կնախընտրեին այդ ավել գումարից օգտվել», - նշեց Լիաննա Պետրոսյանը:

Ծրագիրն արդեն քանի անգամ է լավարկվում, բայց այն շարունակում է անհույս մնալ փոքր ընտանիքների համար, Պետրոսյանի խոսքով՝ սխալ է տպավորությունը, թե արցախյան ընտանիքների մեծ մասը բազմանդամ են. - «Մեծ թիվ են կազմում 1-ից 3 անձից բաղկացած ընտանիքները, որոնց մասով այս որոշումը ոչ մի տեղաշարժ չունեցավ: Եվ հիմա այս պահի դրությամբ էլ բազմաթիվ ընտանիքներից բազմաթիվ բողոքներ ենք ստանում, որ այս շահառուների մասով ոչ մի դրական տեղաշարժ չեղավ»:

Շարունակում է խնդիր մնալ նաև քաղաքացիության հարցը: Գործադիրի այսօրվա նիստում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը գոհունակությամբ նշեց, որ 9 հազար 346 հոգու արդեն քաղաքացիություն է շնորհվել, և այս պահին էլ շուրջ 11 հազար դիմում ունեն:

«Քաղաքացիություն ստանալու համար ի՞նչ շախ պետք է անեն, տիկին Սարգսյան», - վարչապետի այս հարցին նախարարն արձագանքեց՝ չնչին ծախեր են. - «Ծախսերի մասով ոչ մի ինչ-որ արտառոց բան չունենք, պարոն վարչապետ»:

Լիաննա Պետրոսյանի պնդմամբ, սակայն, ծախսերը մեծ են, քանի որ բազմաթիվ արցախցիներ փաստաթղթեր չունեն և քաղաքացիության գործը գլուխ բերելու համար ֆինանսական բեռի տակ են ընկնում՝ հատկապես թոշակառուները: Պետրոսյանը չի կարծում, որ պետական ծրագրում այս փոփոխությունները բեկում են մտցնելու, իրենց ցանկացած բնակավայրում տուն կարող են ձեռք բերել միայն այն տեղահանվածները, որ որոշակի խնայողություն ունեն:

«Որտեղ որ գտնվում եմ, որտեղ որ իմ աշխատանքը կազմակերպում եմ, էսպես ասած, իմ երեխաների օրվա հացի փողն եմ վաստակում, ընտանիքիս հոգսերն եմ կարողանում հոգալ, էդտեղ ես, բնականաբար, չեմ կարող էդ իրենց սահմանված գումարով տուն վերցնել, քանի որ խնայողություն չունեմ». - Արմեն Աղաջանյանը կնոջ ու երեք երեխաների հետ Արցախից տեղափոխվելուց հետո Երևանում է տուն վարձել, այստեղ է աշխատանք գտել: Ասում է՝ Հայաստանի որևէ գյուղում խաղաղ ու անաղմուկ կյանք կուզեր, բայց ո՞վ կքաշի իր ընտանիքի հոգսը: Բոլորով Հայաստանի քաղաքացի են դարձել, որպեսզի կարողանան օգտվել պետական այս ծրագրից, բայց առայժմ այն անհասանելի է իրենց համար: Սպասում են՝ ծրագիրը էլի լավարկվի: