Արտգործնախարարությունը հաստատում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ միջազգային գործընկերներից ևս առաջարկներ են ստանում, և դրանց շուրջ կան քննարկումներ:
«Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը Հայաստանի Հանրապետության համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն», - հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը:
Նախօրեին, դիվանագիտական աղբյուրներին հղում անելով, «Քարնեգի» հիմնադրամը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը Երևանին և Բաքվին Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի բացման առաջարկ է արել:
«Ազատություն»-ը երեկ «Քարնեգի»-ի հրապարակման առնչությամբ մի քանի հարց էր ուղղել Հայաստանի ԱԳՆ-ին՝ ճշտելու ամերիկյան առաջարկի վերաբերյալ պաշտոնական Երևանի տեսակետը, Բաքվի դիրքորոշումը, եթե արդեն ծանոթ են: Արդյո՞ք կողմերի միջև այդ առաջարկի շուրջ կան քննարկումներ: Արդյո՞ք վարչապետ Փաշինյանն իր ստամբուլյան այցի ընթացքում ամերիկյան առաջարկի շուրջ նախագահ Էրդողանի հետ որևէ քննարկում ունեցել է, նա ի՞նչ տեսակետ ունի: Ի՞նչ է ենթադրում Վաշինգտոնի առաջարկը՝ ամերիկյան ընկերությունը միայն Հայաստանի՞, թե՞ նաև Ադրբեջանի տարածքում կկառավարի երթուղին: Ի՞նչ լիազորություններ պետք է այդ ընկերությունն ունենա (անվտանգության ապահովում, մաքսային ստուգումների լիազորություն): Արդյոք երկիրը, որի տարածքով անցնելու է երթուղին, որևէ մասնակցություն պե՞տք է ունենա բեռների տարանցման գործընթացում: Արդյոք ամերիկյան կողմն առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ապաշրջափակման իր պլանի շուրջ նախատեսո՞ւմ է քննարկում նախաձեռնել: Այս և մյուս հարցերին Արտգործնախարարությունը կոնկրետ պատասխան չի տվել.
«Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որն արդեն իսկ դրական արձագանքների է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից: Ավելին՝ Հայաստանն առաջարկել է այդ նախաձեռնությանը համահունչ մի շարք լուծումներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր ներգրավված կողմերի համար: Միաժամանակ, միջազգային տարբեր գործընկերներ ևս պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում` երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ: Քննարկումները շարունակվում են շահագրգիռ բոլոր գործընկերների հետ՝ շահավետ և տարածաշրջանի խաչմերուկային ներուժն իրացնող արդյունքների հասնելու նպատակով»:
Մինչ այդ, Լոնդոնում գործող ու Մերձավոր Արևելքը լուսաբանող Middle East Eye կայքը գրել է, թե «այս ամիս Դուբայում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում: Վարչապետի գրասենյակն այս տեղեկությունը չի հաստատել, «Ազատությանը» վարչապետի խոսնակն ասաց՝ Փաշինյանի այցերի մասին ժամանակին և պատշաճ կարգով տեղեկացնում են: Պաշտոնական Բաքուն ևս հավանական հանդիպման մասին չի հայտնել:
Փաշինյան-Ալիև վերջին շփումը Տիրանայում՝ մայիսի 16-ին էր:
«Քարնեգի»-ի հոդվածի հեղինակը «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ ամերիկյան վարչակազմն իր առաջարկը մայիսի վերջին Երևան և Բաքու այցելած ԱՄՆ փոխպետքարտուղար Ջոշուա Հաքի միջոցով է փոխանցել: Դրանից հետո դիվանագիտական խողովակով խորհրդակցությունների մասին հաղորդվել է, բայց հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպման մասին՝ ոչ:
«Կարծում ենք, որ մոտակա ապագայում հնարավոր կլինի նոր քննարկումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ». - մեկ շաբաթ առաջ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայ - ադրբեջանական հանդիպման հնարավորությունից էր խոսում՝ առանց մանրամասնելու՝ ինչ մակարդակով: Հնարավո՞ր է արտգործնախարարներն առաջիկայում հանդիպեն, արտաքին գերատեսչությունից պատասխանեցին՝ «հանդիպումների պայմանավորվածություն լինելու պարագայում պատշաճ ժամկետներում տեղեկացնում են»:
«Ազատություն»-ը ամերիկյան ապաշրջափակման պլանի վերաբերյալ նաև Վաշինգտոն է հարցեր ուղղել, դեռ պատասխան չի ստացել:
Ըստ հոդվածագրի, Վաշինգտոնի մտահղացման համաձայն՝ կապուղին ամերիկյան ընկերություն է վերահսկելու՝ «համաձայնագրի երաշխավորը պետք է լինի ամերիկյան բիզնեսը» տրամաբանությամբ:
«Կարծում եմ՝ սա մեծապես արտացոլում է Թրամփի վարչակազմի տրամաբանությունը: Դա ենթադրում է, որ եթե կան նախաձեռնություններ, եթե դրանք առաջարկվում են, դրանք պետք է ենթադրեն ի թիվս այլ բաների ամերիկյան բիզնեսի, ամերիկյան կապիտալի մասնակցություն: Դրա օրինակը կա մեզնից ոչ հեռու՝ Ուկրաինայում. այնտեղ, ինչպես գիտեք, նույնիսկ ամբողջական համաձայնագիր կնքվեց հազվագյուտ մետաղների վերաբերյալ», - «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Օլեսյա Վարդանյանը՝ շարունակելով. - «Տրամաբանությունն այսպիսին է՝ մենք ներգրավվում ենք որոշակի, բավականին բարդ գործընթացների մեջ, և այդ համաձայնությունների իրականացումը երաշխավորվում է հենց ամերիկյան բիզնեսի մասնակցության և մասնավորապես ամերիկյան օգուտի շնորհիվ: Որքան ինձ է հայտնի, սա դեռևս քննարկման փուլում է, և կան առաջ շարժվելու զանազան տարբերակներ»:
Անցած տարի Երևանն ու Բաքուն տարածաշրջանի ապաշրջափակման հարցն առանձնացրին խաղաղության պայմանագրից, բայց թեմայի շուրջ բանակցություններն արդեն հինգերորդ տարին են ընթանում: Այս ընթացքում «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն առաջարկվեց, անցած տարի աշնանը Երևանը կոմունիկացիաների բացման հարցով գրավոր առաջարկներ ուղարկեց Բաքու: Երևանը թե՛ պարզեցված ընթացակարգեր առաջարկեց, թե՛ ճանապարհներին լիցենզավորված մասնավոր պահնորդական ընկերության գաղափար առաջ քաշեց, բայց համաձայնություն չկա: Բաքվում «Խաղաղության խաչմերուկն» ուշացած են համարում, Երևանից քայլեր են ակնկալում, ինչպես ձևակերպում են՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման համար, ընդ որում՝ Սյունիքով դեպի Նախիջևան անցումն անխոչընդոտ, առանց ստուգումների են ուզում:
«Ես ասել եմ, մենք ասել ենք՝ «Զանգեզուրի միջանցք» չի ըլնելու, ըլնելու ա «Խաղաղության խաչմերուկ»: Գիտե՞ք, էդ էլ ա պետք խոստովանել, որ «Խաղաղության խաչմերուկը» բացվեց՝ Ադրբեջանն էլ ասելու ա՝ «տեսեք՝ «Զանգեզուրի միջանցքը» բացվեց», - մոտ երկու շաբաթ առաջ Ստամբուլում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երևանը պնդում է, որ դիրքորոշում չի փոխել՝ կոմունիկացիաները պետք է անցնեն Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո: