Մատչելիության հղումներ

«Այսօր իշխանություններն ուզում են փոխել կաթողիկոսին, մենք չենք կարող դա թույլ տալ». Սահակ Մաշալյան


Եթե մեկը սրբապիղծ է որակում Ամենայն հայոց հայրապետին՝ այդ կետից սկսած հետաքրքրված եմ, Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն է երեկ լրագրողների հետ հանդիպել ու անդրադարձել առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, նաև Հայաստանի վարչապետի ստամբուլյան այցի այն դրվագին, երբ պոլսահայ հոգևորականներից որևէ մեկը նրա հանդիպմանը չմասնակցեց, եկեղեցում չէին նրա այցի պահին, պատրիարքարանում՝ նույնպես:

«Դա լուռ բողոք էր և պարոն Փաշինյանը հասկացավ»,- ասել է պատրիարքը և նշել, - «Պատրիարքարանի որդեգրած դիրքորոշման համար ես եմ պատասխանատվություն կրում: Հայ Եկեղեցին միայն Հայաստանի եկեղեցին չէ։ Այսօր իշխանություններն ուզում են փոխել կաթողիկոսին: Մենք չենք կարող դա թույլ տալ, որովհետև եթե մեկ անգամ այդ ճանապարհը բացվի, ապա հետո դրա միջից դուրս գալ չի լինի։ Շատ դժվար է տարանջատել Ամենայն Հայոց Հայրապետի անձն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»։

Սահակ պատրիարքը հաստատել է, որ այդ վերաբերմունքին Հայաստանի վարչապետն արժանացել է ավելի քան մեկ ամիս կանգ չառնող հակաեկեղեցական արշավի պատճառով, գիտակցված վերաբերմունք էր, շեշտել է արքեպիսկոպոսը, բայց և հավելել, որ Հայաստանի պետական ինստիտուտները պատրիարքարանի հետ շփումներում արարողակարգը չեն պահպանել, շրջանցել են պատրիարքական աթոռը:

Երեկ Պոլսո պատրիարքի ասուլիսից հետո հայաստանյան լրատվամիջոցներում մեջբերում տարածվեց, թե Մաշալյանն ասել է՝ ինքը պատրաստ էր ընդունել վարչապետ Փաշինյանին: Ասուլիսին մասնակցում էր նաև «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը. - «Սրբազանն ասել է, որ թեկուզ ինքը լիներ Ստամբուլում, կարող էր ընդունել պարոն վարչապետին և այդ ընդունելության առիթը ծառայեցնել ամբողջ խնդիրներն իր երեսին ասելուն»:

Օրեր առաջ արքեպիսկոպոս Մաշալյանը հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են հանգուցալուծել եկեղեցի-իշխանություն կոնֆլիկտը, երեկ այդ մասին չի խոսել:

Պոլսո պատրիարքը վստահ է, որ Հայաստանի վարչապետը նախընտրական հաշիվների մեջ է. - «Նիկոլ Փաշինյանը 7 տարի է՝ իշխանության է։ Նորի Սրբության հետ լուսանկարվել է, տեսագրվել է՝ բազմաթիվ մտերմիկ դրվագներ կան: Մինչև այսօր նա չգիտե՞ր այն պնդումները, որոնք այսօր առաջ է տանում։ Մարդիկ չեն հավատում, բոլորը հասկանում են, որ կառավարությունը հետամուտ չէ բարոյականությանը, այլ նախընտրական հաշիվների մեջ է»:

Մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, թե Պոլսո պատրիարքը կարող է կաթողիկոսի թեկնածու լինել, արքեպիսկոպոս Մաշալյանն ասել է՝ հոգևորական կարգապահություն է՝ չցանկանալ, նույնիսկ չմտածել այդ մասին, քանի դեռ կաթողիկոսը գահին է:

Իշխանական ու հոգևոր վերնախավի միջև պայքարը կանգ չի առնում ոչ մի օր: Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքայն ստատուսներով փորձում է դուրս անել ամենայն հայոց կաթողիկոսին՝ վեհարանից, նրա թիմակիցները նույն գործն են շարունակում աջակցող ելույթներով, զուգահեռ ծավալվում են քրեական գործեր բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ: Մայր Աթոռում կարծես թե մոբիլիզացիայի բարձրագույն աստիճան է հայտարարված. այստեղ ամեն օր պատարագում են աշխարհի տարբեր թեմերի առաջնորդներ: Որոշ հոգևորականներ արդեն խոսում են իշխանական որոշ դեմքերի հոգևոր պատժի՝ անվանական բանադրանքի ենթարկելու մասին:

«Հարկ եմ համարում նրանց տեղեկացնել, որ, հակառակ պարագային, հարկադրված ենք լինելու խորհելու անվանական բանադրանքի մասին, քանի որ նրանք, այլևս, հատում են հավատքի եւ հոգեւոր կյանքի բոլո՛ր սահմանները», - Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ աբեղան է այսպիսի գրառում արել՝ որպես վերջին հույս կանգ առնելու կոչ հղել:

«Ի սեր Աստծո վե՛րջ տվեք այս հրեշավոր ընթացքին, որի մեջ սեր եւ լույս իսպառ չկա, քանզի միմիայն թշնամու վարմունք է: Սոսկալի է եկեղեցական բանադրանքը՝ իր ծանրագույն հետեւանքներով այս կյանքում եւ հանդերձյալում: Արդ, մի՛ դրդեք մեզ ի գործ դնելու աստվածային իշխանությունը. կա՛նգ առեք և ապաշխարեցե՛ք», - նշել է նա:

Ազգային ժողովի նախագահը բանադրանքի սպառնալիքին լուրջ չի վերաբերվում, ի դեպ, եկեղեցու մոլորյալ անդամներին բանադրում է ոչ թե կաթողիկոսը, այլ քահանաները, եպիսկոպոսները: Բանադրվածը իրավունք չունի եկեղեցի մտնել, որևէ ծեսի մասնակցել, ի վերջո հուղարկավորվել քրիստոնեական կարգով:

«Իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրենց հոր տունն է, իրենց տնից են բերել, իրենք սխալվում են», - ասաց Սիմոնյանը:

Հոգևոր բարձրագույն պատժի՝ նզովքի մասին Մայր Աթոռի հոգևորականները առայժմ չեն խոսում: Նզովելու որոշում կայացնում է եպիսկոպոսաց ժողովը, ստորագրում կաթողիկոսը: Հայոց եկեղեցին միջնադարից այս կողմ նզովք դեռ չի կիրառել:







XS
SM
MD
LG